Երիտհանրապետականները որոշել են Փարիզից Երևան ժամանող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորել ձվերով ու լոլիկներով: Զարուհի Փոստանջյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին՝ կազինոներում նրա՝ գումարներ տանուլ տալու մասին: Արդեն իսկ տարբեր անձանց կողմից հնչել են պիտակավորումներ Զարուհու հասցեին, թե նա «թուրք» է:
Մոտ տասը տարի առաջ ՀՀ փոխարտգործնախարար, ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի նկատմամբ էլ էին իշխանությունները նմանատիպ մի ակցիա նախաձեռնել՝ «կեղտոտ լվացքը» եվրոպացիներին ի ցույց դնելու պատճառաբանությամբ:
Եվ հիմա 21-րդ դարում քաղաքական հարցերը քաղաքական հարթությունում քննարկելու դույզն ինչ փորձ չունեցող երիտհանրապետականները որոշել են ինքնահաստատվել՝ ընդդիմախոսի վրա ձու և լոլիկ շպրտելով և նրան անհարկի հերոսացնելով: Իսկ որքանո՞վ կարելի է լուրջ ընդունել մի կուսակցության, որտեղ ձուն, լոլիկը, ընդդիմախոսի հասցեին հնչող հայհոյանքն ու «թուրք»-ն են համարվում քաղաքական կատեգորիա:
Ես չեմ եղել Թուրքիայում և չգիտեմ՝ թուրքե՞րն էլ են իրենց ընդդիմախոսին պիտակավորում նույն ոճով՝ նրան անվանելով հայ: Խոստովանենք, որ նման դեպքերում բանավեճը քաղաքականությունից տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ